Վարչապետի արարողակարգի կիքսերը. ի՞նչ բաժակով է Փաշինյանը ջուր խմում


 


Էթիկայի մասնագետ Մարգարիտա Խաչատրյանը վերլուծել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի պաշտոնական արարողակարգի որոշ լուսանկարներ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում էթիկետի մասնագետը նշեց, որ վերջին մի քանի միջոցառումները դիտելիս իր ուշադրությունն անմիջապես գրավել են սեղանին դրված բաժակները։

«Տվյալ բաժակը, ինչպես նկարում երևում է, ամենևին էլ ջրի բաժակ չէ, այն ավելի շուտ սպիտակ գինու բաժակի է նման,– ասաց մասնագետը, – ըստ միջազգային էթիկետի՝ պաշտոնական, դիվանագիտական և գործնական հանդիպման ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել առանց ոտքի բաժակներ, իսկ եթե պետք է օգտագործվի ոտքով ջրի բաժակ, ապա բաժակի ոտքը չպետք է գերազանցի երեք սանտիմետրը»։

Բացի այդ, նրա խոսքով, որոշ դեպքերում բաժակի բերանը պետք է փակ լինի, հատկապես մարդաշատ վայրում։ Այս կարգը որոշ երկրներում պարտադիր է. խնդիրը ոչ միայն բաժակում փոշու ներթափանցումը կանխելն է, այլ նաև անվտանգությունը:

Ի դեպ, այս կարգը բավական լայն տարածում ունի նաև հայաստանյան արարողակարգերում։

«Այն ինչ կապված է մեր երկրի առաջին դեմքերին, մեր մասնագետները պետք է շատ մեծ ուշադրությամբ քննեն յուրաքանչյուր տարր, քանի որ վստահ եմ մեզ նաև հետևելու են էթիկայի տեսանկյունից»,– նշում է մասնագետը։

Մարգարիտա Խաչատրյանը հատուկ շեշտում է, որ իր դիտարկումը կապված չէ վարչապետի անձի հետ, այլ վերաբերվում է այն անձանց կամ անձնակազմին, ովքեր զբաղվում են Նիկոլ Փաշինյանի արարողակարգերի կազմակերպմամբ ու սպասքի ընտրությամբ։

https://www.arenanews.am/news/view/41767